Դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու պահանջով մի քանի տարբեր նախաձեռնություններ են ստեղծվել։
Երեկվանից Թամանյանի արձանի մոտ մի խումբ ակտիվիստներ ստորագրավաք են սկսել՝ ի պաշտպանություն կալանավորված դերասանի։ Նրանք պահանջում են վերացնել կալանքի «ապօրինի» որոշումը մինչեւ դերասանի լիարժեք ապաքինումը, քանի որ «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ հիմք փաստացի չի ապացուցվել»։
Նոյեմբերի 10-ին երեք ժամում հավաքվել է 250 ստորագրություն։ Ստորագրահավաքը շարունակվում է այսօր։ Էլեկտրոնային ստորագրահավաքին միացել է 50 մարդ։ Խմբի ֆեյսբուքյան էջը հավանել է 15,000 մարդ։
Ֆեյսբուքյան մեկ այլ նախաձեռնություն՝ «Աջակցենք Վարդան Պետրոսյանին» խումբը, հայտարարել է, որ վաղը՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ին, հավաքվում է Հանրապետության հրապարակում՝ Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու և ընդհանրապես արդար հետաքննության ու դատավճռի պահանջով:
Հանրապետության արդարադատության նախարարին ուղղված «Մենք բոլորս Վարդան Պետրոսյան ենք» նախաձեռնության էլեկտրոնային խնդրագրին միացել է 500-ից ավելի մարդ։
«Չգիտես ինչու, «Էրեբունի» հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանի նկատմամբ հապշտապ կիրառվեց ձերբակալման որոշում՝ առանց ապացույցների, ապա և նրան մեղադրանք առաջադրվեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան «Սթրես» կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը: Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ»,- ասվում է երաշխավորագրում։
Նախաձեռնության կազմակերպիչները արդարադատոթյան նախարարից պահանջում են «հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի վաստակը, նրա քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նկատի ունենալով, որ նա գտնվում է առողջական ծանր վիճակում, անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը» ստորագրողների երաշխավորագրով, առ այն, որ նա չի խուսափի դատաքննությունից:
Երաշխավորագրով է հանդես եկել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ահավոր մեծ փորձություն է մեր բարոյականության և ոգու համար: Կցկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ մեղքի իր բաժինն անկասկած ունի և պատրաստ է պատասխան տալու: Երկրից դուրս գալու, անհասանելի դառնալու գոնե ֆորմալ պատճառներն էլ կարծես վերացված են, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը հանձնված է: Դրա հետ մեկտեղ, արդարադատությունից խուսափելու, քննության ընթացքը խոչընդոտելու որևէ դրսևորում կամ վտանգ կարծես թե չկա: Այս ամենի համատեքստում նրա հապճեպ կալանավորումը, առանց բազմակողմանի քննության, առանց անգամ նրան հարցաքննելու, համարում եմ ուժի անհամաչափ գործադրում նույն վթարի արդյունքում առողջական լրջագույն խնդիրների առաջ կանգնած մարդու նկատմամբ:
Սույնով ես` Արմեն Դարբինյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր ԲԱՐՁՐ արվեստը, իմ անձով և գոյությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում»։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իր անձնական կապերն է օգտագործելու մինչեւ դատավարությունը Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու համար։
«Բայց Վարդանը փախնո՞ղ տեսակն է։ Նրան ճանաչում եմ ավելի քան կես դար։ Երբեք նույնիսկ խուսանավելիս չեմ տեսել»։































