Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ եւ քննարկել երկու քաղաքների միջեւ համագործակցության հարցը:
Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ արդեն ավելի քան մեկ տարվա պատմություն ունեցող Երեւանի եւ Ստեփանակերտի համագործակցությունն իսկապես հաջողված է եւ արդյունավետ. «Երեւանն ու Ստեփանակերտն այսօր արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարոն Մարգարյան, քանի որ արդեն իսկ շոշափելի են երկու քաղաքների միջեւ համագործակցության արդյունքները, ինչում, անշուշտ, մեծ է անձամբ Ձեր լուման: Նաեւ, օգտվելով առիթից, ուզում եմ ստեփանակերտցիների անունից եւս շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Երեւանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնման հարցում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Ստեփանակերտը ոչ միայն քույր քաղաք է, այլեւ հարազատ օջախ, ինչն իր հերթին պարտավորեցնում է ամրապնդել հայկական երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը. «Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլեւ բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը եւս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն իսկապես նկատելի է, եւ վստահ եղեք, որ համաձայնագրում նախանշված բոլոր առաջնահերթությունները կստանան ծրագրային ընթացք եւ լուծում: Նաեւ ուզում եմ վստահեցնել, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել Ստեփանակերտի մեր գործընկերներին՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում կառավարման որակներն էլ ավելի կատարելագործելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հարաբերությունների ընդլայնման եւ փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքի հետ կապված հարցեր:





























