Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհու՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանի առողջական վիճակը լավ է, նա կամաց-կամաց ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Նա նշեց, որ երիտասարդ աղջակն խնամում է մայրը, այս շաբաթվա ընթացքում նրան դուրս կգրեն հիվանդանոցից: «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Մարիամը պետք է պառկած վիճակում գտնվի, դրանից հետո կկարողանա քայլել, կարծում եմ՝ նա կքայլի»,- ասաց բժիշկը:
Հարցին, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա կմեկնի արտերկիր, որտեղ ապրում էր, բժիշկը պատասխանեց, որ հավանաբար բուժումը կավարտի, հետո կմեկնի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:
Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:





























