40-ամյա Նորիկ Հ.-ն իրենց տանը ծեծի է ենթարկել կնոջը: Արարատի եւ Վայոց Ձորի մարզմարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 40-ամյա Նորիկ Հ.-ն 2013թ. հոկտեմբերի 6-ին ժամը 22.00-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Արփինե Խ.-ի հետ, որի ընթացքում դիտավորությամբ բռունցքով երկու անգամ հարվածել է նրա գլխին եւ դեմքին, նրա դեմքի ձախ այտային շրջանի եւ գլխի ձախ քունքային շրջանի արյունազեղումների ձեւով պատճառել է առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Քրեական գործ է հարուցվել 118 հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 8-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























