Խոսրովի արգելոցում ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները:
Ոստիկանները ավելի քան երեք տասնյակ մարդու են հարցաքննել, կան մի քանի վարկածներ, բայց դեռեւս հստակ չէ սպանության շարժառիթը:
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արգելոցում առկա տեսախցիկների ձայնագրության մեջ երեւում է կրակոցը, բայց կրակողը աղավաղված է երեւում: Մինչեւ շաբաթվա վերջ պատրաստ կլինի համակարգչային փորձաքննության պատասխանը, որում հանցագործի պատկերը հստակ կերեւա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





























