ԵՄ հետ հետադարձման մասին համաձայնագիրը չի նշանակում Հայաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսք Եվրոպայից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն 13 երկրների հետ հետադարձման մասին համաձայնագրեր ունի, սակայն անլեգալ հայերի զանգվածային ներհոսք հետ Հայաստան երբեք տեղի չի ունեցել:

«Հետադարձման այժմյան համաձայնագրի նպատակը նույնպես այլ է: Սա հանրապետություն վերադառնալու մեխանիզմ է բոլոր անձանց համար, ովքեր մուտքի արտոնագրի ժամկետն անցնելուց հետո շարունակում են մնալ ԵՄ-ում: Սա Հայաստանի ու ԵՄ միջեւ մուտքի վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի հավելված է»,- պարզաբանել է Ա. Զաքարյանը:

Համաձայնությունը նածատեսում է ստեղծել երկողմանի հանձնաժողով, որը նվազագույնը տարին մեկ անգամ կհավաքվի համաձայնագրի մոնիթորինգի համար՝ իրավապահ մարմինների հավաքած տեղեկությունների հիման վրա: