«Հայկական ժամանակը» գրում է, թե այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում խոզի եւ տավարի մսի ներմուծումը Հայաստան անցած տարվա համեմատ նվազել է մոտ 1700 տոննայով կամ 14 տոկոսով։ Այդ նույն ընթացքում Հայաստանում մսի արտադրության ծավալը չի ավելացել։

Դա նշանակում է, որ մսի սպառումն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 տոկոսով։ Ուշագրավ է, որ այդ ընթացքում մսի գնի կտրուկ փոփոխություն չի եղել։ Ուրեմն, մսի սպառման ծավալների նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել երկու հիմնական հանգամանքով՝ բնակչության նվազում եւ բնակչության գնողունակության անկում։
 
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին 9 ամսում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ տոկոսով նվազել է նաեւ հացի սպառումը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Պաշտոնական վիճակագրությունը սովորաբար «դզում-փչում է» հացի եւ մսի սպառման ծավալների մասին տվյալները, քանի որ դրանք բնակչության թվի եւ կենսամակարդակի այլընտրանքային ցուցիչներ են։ Այլ կերպ ասած, վերը բերված ցուցանիշները արդեն «դզած-փչած» են եւ իրական պատկերը, անկասկած, ավելի տխուր է։

 Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում