«Միրա» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Դինարա  Բիլյալովան, որին կասկածում են ռուսական պաշտպանական գերատեսչության գույքի հետ կապված մեքենայությունների մեջ, քննության հետ մինչդատական համագործակցության համաձայնագիր է ստորագրել, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

Բիլյալովայի տված ցուցմունքների մասին չի հաղորդվում։

Թերթի տվյալով՝ Բիլյալովան  «Օբորոնսերվիսի» գործի մեկ այլ կասկածյալ Եվգենիա Վասիլեւայի ընկերուհին է։ Բիլյալովան աշխատանքի էր ընդունվել Վասիլեւայի ղեկավարած ՊՆ գույքային հարաբերությունների դեպարտամենտում, իսկ  2012թ. գլխավորել էր իրավական աջակցության «Էքսպերտ» կենտրոնը։

 «Էքսպերտը» շուտով դարձել էր «Միրա» ՍՊԸ, Բիլյալովան փոխարինել էր Վասիլեւայի եւս մեկ ծանոթի` Եկատերինա Սմետանովային, որն այդ ժամանակ արդեն կասկածի տակ էր`  խարդախության հետ կապված:

«Կոմերսանտը» գրում է, որ նախկին «Էքսպերտը» գլխավորելով` Բիլյալովան գնորդներ էր փնտրել պաշտպանության նախարարության օբյեկտների համար, որոնք ոչ պրոֆիլային էին ճանաչվել, եւ իր  գործողությունների համար ստացել գումարի 5 տոկոսը: Դինարա Բիլյալովայի ձերբակալման մասին հայտնի էր դարձել 2013թ. հունիսին, մինչ այդ նա գործում հանդես էր գալիս բացառապես որպես վկա:  «Կոմերսանտը» նշում է, որ 2013թ. սեպտեմբերին նա ազատ էր արձակվել  կալանքից, նրա գործը քննվում է առանձին վարույթով: