Քիչ առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումը տեղի է ունենում Քոբուրգ պալատում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է:
Մինչ այդ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Ավստրիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:
Ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ:





























