Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
«Ուրախ եմ հանդիպման եւ համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Մենք կարեւորում ենք մեր հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը», - նշել է Տիգրան Սարգսյանը:
Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ նշելով. «Երկրի գործընկերության ընթացիկ ռազմավարությունը բավական լավ ընդունվեց ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ վերջին տարիների աշխատանքները: Արդյունքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը, ինչը վկայում է ՀՀ կառավարության հանդեպ Համաշխարհային բանկի ունեցած վստահության մասին: Նման հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր թիմին եւ առաջիկա չորս տարում եւս ակնկալում ենք շարունակել մեր հաջող գործընկերությունը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հետ Երկրի գործընկերության 2014-2017 թթ. ռազմավարությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարություն–Համաշխարհային բանկ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթություններին, պայմանավորվածություն ձեռք բերել առանձին ուղղությունների հստակեցման վերաբերյալ:





























