Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր՝ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջեւ Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման եւ արտադրության, նաեւ այլ հարցեր: Նիստում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսվարող սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվողականության, տեղեկատվական անվտանգության ապահովման, մաքսային, վիճակագրության եւ այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգի շրջանակում քննարկվել եւ հաստատվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, մինչեւ 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջեւ համագործակցության զարգացման ռազմավարությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հայեցակարգը եւ միջոցառումների ծրագիրը, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2014-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգը:
Նիստում որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:































