Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցային գործընթացի նոր փուլի սկիզբ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Վիեննայում Ալիեւ-Սարգսյան վերջին հանդիպմանը:

Սակայն, թուրքագետի խոսքով՝ կա նաեւ երկրորդ հանգամանքը: «Ադրբեջանը հատուկ քաղաքականություն է վարում. Բանակցային գործընթացն ընթանում է, սակայն նրանք օգտագործում են ռազմական հռետորաբանությունը եւ սահմանին լարվածություն է ստեղծվում: Հենց այդ կերպ Ադրբեջանը փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա»,-ընդգծել է Սաֆրաստյանը: Նա հույս է հայտնել, որ բանակցային գործընթացի այս փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կպահանջեն, որպեսզի Ադրբեջանը վերանայի իր քաղաքականությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի դերին՝ Ռուբեն Սաֆրաստյանը ընդգծել է, որ թուրքական կողմի գլխավոր նպատակներից է դառնալ չորրորդ միջնորդը: «Սակայն Թուրքիան կապացուցի իր անկանխակալությունը միայն այն ժամանակ, երբ կդադարի պաշտպանել Ադրբեջանին»,-ընդգծել է թուրքագետը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: