Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն չի տվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին բուժման համար արտասահման ուղարկելու մասին օրակարգում ներառված 6 օրինագծերից որեւէ մեկին: Օրինագծերից ոչ մեկը 195-ից ավելի ձայն չի ստացել, քանի որ Ռեգիոնների կուսակցության եւ Ուկրաինայի Կոմկուսի խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Դահլիճում ներկա են եղել դիտորդներ Եվրախորհրդարանից` ԵԽ-ի նախկին նախագահ Պետ Քոքսը եւ Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կսանիեւսկին: Քվեարկության ավարտին ընդդիմադիրները ելել են տեղերից եւ աղաղակել. «Ամոթ, ամոթ»:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել էր եվրաինտեգրման օրենքներից մեկը` ժողովրդական պատգամավորների ընտրության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Օրենքին կողմ էին քվեարկել նիստերի դահլիճում գրանցված 423 ժողորդական պատգամավորներից 365-ը: Քվեարկությանը չէր մասնակցել Ուկրաինայի Կոմկուսի խմբակցությունը:
Ժողովրդական պատգամավորների ընտրության օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին եվրաինտեգրման օրենքը, որն առաջարկել էին Ռեգիոնների կուսակցության ժողորդական պատգամավորները, նախատեսում է ընտրատարածքների ստեղծում արտերկրում, մարզային ընտրահանձնաժողովների ձեւավորման գործընթացների փոփոխություններ, գրանցման ժամանակ վճարվող գումարի չափի նվազեցում, ինչպես նաեւ խստացված պահանջներ` ընտրությունները լուսաբանող տեղեկատվական գործակալությունների նկատմամբ:
Յուլյա Տիմոշենկոյի վերաբերյալ որոշումն անհրաժեշտ էր Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում ասոցացման պայմանագիր ստորագրելու ուղղությամբ Եվրամիության դրական որոշման համար:





























