Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում լրացուցիչ տարածքներ կտան ռուսական 102-րդ ռազմակայանին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը:

Ըստ այդմ, ռուսական ռազմակայանին կտրվի կայանատեղի՝ ուղղաթիռների էսկադիրլիայի համար, ինչպես նաեւ տարածքներ վարչատնտեսական շենքերի եւ վառելիքի պահեստների համար:

Այս որոշումն ընդունվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության շրջանակներում, որտեղ նշված են հայկական եւ ռուսական կողմերի փոխադարձ պարտավորությունները: Մասնավորապես, ռուսական կողմը առաջարկել է ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր 102-րդ ռազմակայանը: Այդ նպատակով նախատեսված է այս ամիս 18 ուղղաթիռներ ուղարկել Հայաստան: Ռուսական ռազմակայանին տրվող նոր տարածքները նախատեսված են նոր օդային տեխնիկայի համար: