Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կողմ է, որ Հայաստանն ունենա իր ինքնուրույն գիծը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ինքը՝ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Մաքսային միության եւ Եվրամիության հետ ասոցացման մասին:

«Ցանկացած մերձեցումների մեջ մենք տանուլ ենք տալու, եթե չմշակենք մեր ինքնուրույն քաղաքական գիծը, հարաբերությունները եւ պայմանները: Ես մերժում եմ  ռուսական կայազորի հրամանատարի, գնդապետի հայտարարման ձեւը: Քաղաքականության մեջ շատ կարեւոր է ոչ միայն, թե ինչ ես անում, այլ երբ, ինչպես եւ ով է անում: Ովը նշանակում է, թե արդյոք այդ անողն ունի ժողովրդի վստահության այն քվեն, որը պահանջվում է այդ դեպքերում: Նման դեպքերում պահանջվում է վստահության այդ պակասը լրացնել: Այսինքն` վստահությունը պետք է գա լրացնի  այն, ինչը չի տալիս զուտ ինքը պայմանագիրը: Ցավոք սրտի մենք գործ ունենք մի պահի հետ, երբ պակասում է եւ նա, եւ նա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի այցին, նա ասաց, որ դեկտեմբերի 2-ը Հայաստանի խորհրդայնացման եւ ծանրագույն  օրերից է, խարան է, ինչը դեպի վատն է տանում, հետեւաբար կարծում է, որ Պուտինի հետ երեւանյան հանդիպման համար պետք է մեկ, այլ օր ընտրվեր: «Վլադիմիր Պուտինը դեռ վաղուց պետք է գար Հայաստան»,-ամփոփեց Ալավերդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am