Կազանում վթարված «Բոինգ-737» օդանավի շարժիչները մինչեւ գետնին բախվելու պահն աշխատել են : Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Երմոլովը:
Նա նման հայտարարությամբ հանդես է եկել լրատվամիջոցներում «Թաթարստան» ավիաընկերության «Բոինգ-737»-ի վթարի պատճառների մասին հրապարակումներից հետո:
«Ըստ օդանավի օբյեկտիվ վերահսկման միջոցների տվյալների` համակարգերի, սարքերի եւ օդանավի ղեկավարման հատվածների խափանում չի գրանցվել: Կազանում վթարի ենթարկված «Բոինգ-737» օդանավի շարժիչները մինչեւ գետնին բախվելու պահն աշխատել են», - նշել է Երմոլովը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Կազանի օդանավակայանում Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից թռչող N 363 չվերթի «Բոինգ-737» օդանավն ընկել էր եւ պայթել: Օդանավում գտնվող բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները` 50 մարդ, զոհվել էին:





























