Եվրամիության «Արեւելյան գործընկերությանն» ուղղված Ուկրաինայի քայլերը Ռուսաստանը մեկնաբանեց որպես Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ պայքար: Այս մասին նոյեմբերի 25-ին Երեւանում անցկացվող «Ուկրաինայի ընտրությունը. գործոններ եւ հետեւանքներ» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա՝ երկու ամիս առաջ Ուկրաինան որոշել էր Ասոցացման համաձայնագիր ստորագրել, իսկ նոյեմբերի 21-ին երկրի կառավարությունը դադարեցրել էր դրա նախապատրաստման գործընթացը: «Ինչի՞ հետ է դա կապված: Այստեղ զգալի դեր են խաղացել մի քանի գործոններ. առաջին՝ ճնշումը Ռուսաստանի կողմից, ընդ որում ոչ միայն գազի եւ ապրանքների արտահանման հարցերում, այլեւ կարեւոր նշանակություն ուներ նաեւ այն, որ Ռուսաստանը հարցին գլոբալ բնույթ էր տվել», -նշել է Գրիգորյանը, պարզաբանելով, որ գլոբալ պայքար է ստացվել երկու բեւեռների միջեւ: Ըստ նրա՝ այդ պայքարին ԵՄ-ն պատրաստ չէր, քանի որ նման նպատակներ չէր դրել: «Ուկրաինայի դեպքում խոսքը ԵՄ-ին միանալու մասին չէր, այլ զուտ տեխնիկական խնդիրների: Եվրոպան ոչ մի գլոբալ, մեծ քաղաքական խնդիր չէր առաջադրել», - վստահեցրել է Ստեփան Գրիգորյանը, հավելելով, որ տարաձայնություններ են եղել նաեւ հենց ԵՄ-ում:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշել էր կասեցնել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման պայմանագրի նախապատրաստման գործընթացը եւ վերականգնել աշխույժ երկխոսությունը Ռուսաստանի եւ Մաքսային միության այլ երկրների ու ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ առեւտրատնտեսական կապերն աշխուժացնելու ուղղությամբ, պետությունների տնտեսական ներուժը համատեղ ջանքերով պահպանելու եւ ամրապնդելու նպատակով:




























