Երեւանի ավագանին իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի  վաստակավոր  գործիչ,  վաստակավոր  մարզիչ-մանկավարժ  Հրանտ  Շահինյանի հիշատակը  հավերժացնող  հուշարձանը (կիսանդրին)  «Հրանտ  Շահինյանի  անվան մարմնամարզության  օլիմպիական  մանկապատանեկան  մարզադպրոցի» հարակից տարածքում տեղադրելու մասին որոշման նախագծին:

Ավագանին միաձայն հավանություն է տվել նաեւ Երեւան  քաղաքի  նշանավոր  կառուցապատող եւ բարերար  Երվանդ  Տեր–Ավետիքյանի  հիշատակը  հավերժացնող  հուշարձանը (կիսանդրին)  Երեւան  քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում տեղադրելու, ինչպես նաեւ պետական,  հասարակական  գործիչ Ներսես Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի  պողոտա  հ.17 շենքի ճակատային մասում փակցնելու մասին որոշումների նախագծերին։

Ավագանին 52 կողմ,  1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2013թ.  հոկտեմբերի  11-ին  կնքված  «ՀՀ  Երեւանի  քաղաքապետարանի եւ ՌԴ Ստավրոպոլի  մարզի  Ստավրոպոլ քաղաք մունիցիպալ միավորի միջեւ եղբայրացման մասին» համաձայնագիրը:

Ավագանու որոշմամբ Երեւանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին սեփականության իրավունքով անհատույց օտարվել (նվիրել) է Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարան։

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հավանություն է տվել Երեւան քաղաքի 2013  թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ  անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:

Օրակարգի մյուս՝ բնակարանների անհատույց օտարմանը եւ հողամասերի փոխանակությանը վերաբերող հարցերը նույնպես արժանացել են Երեւանի ավագանու հավանությանը:

Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 26-ին: