Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր՝ նոյեմբերի 25-ին, հյուրընկալել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Սուխորենկոյին վերջինիս խնդրանքով:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը նշել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու եւ խորացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը կարեւորել է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը, առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելու եւ գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը:
Ս. Կարապետյանը գոհունակությամբ նշել է բելառուսական արտադրության տրակտորների՝ Հայաստան ներկրելու կարեւորությունը, ինչը հնարավորություն տվեց հայ ֆերմերներին ձեռք բերելու որակյալ եւ մատչելի գյուղտեխնիկա: Նա նաեւ տեղեկացրել է, որ տրակտորները հաջողությամբ շահագործվում են Հայաստանում, եւ նպատակահարմար է 2014թ. առաջին եռամսյակում նույնպես կազմակերպել տրակտորների որոշ խմբաքանակի ներկրում Հայաստան:
Դեսպան Ս. Սուխորենկոն անդրադարձել է առեւտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստի արձանագրությամբ նախատեսված, գյուղատնտեսությանը վերաբերող կետերին եւ փոխանցել է բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ կազմակերպելու բելառուսական գյուղտեխնիկայի արտադրություն Հայաստանում արդյունաբերական որեւէ ձեռնարկության բազայի հիմքի վրա եւ ստեղծելու այդ տեխնիկայի սպասարկման համար լիցենզավորված կենտրոն: Դեսպանը նաեւ ցանկություն է հայտնել աջակցելու ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը եւ առաջարկեց քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը 2014թ. ընթացքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունել է դեսպանի առաջարկը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու դրանց իրականացման ուղիները:





























