Արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 25-ին մարել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:
Միջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասել է.
«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին եւ ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը:
Հայաստանը ակտիվ եւ արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարեւոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:
Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը:
Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ»,- նշել է Նալբանդյանը:




























