Հայաստանում էապես սկսել է աճել քաղբանտարկյալների թիվը, Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը դիտարկում եմ քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Նա նշեց, որ տեղի է ունեցել ահավոր դժբախտություն, եղել են զոհեր, բայց դա եղել է դժբախտ պատահար, եւ որպես խափանման միջոց կալանք ընտրելը խոսում է այս իշխանությունների որակի մասին, դա բռնություն է։ «Ի՞նչն էր խանգարում, որ խափանման միջոցը լիներ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին, որեւէ տրամաբանություն չկա, դա բռնություն է, մանավանդ որեւէ հիմք չկար կարծելու, որ Վարդան Պետրոսյանը պետք է թաքնվի քննությունից կամ խոչընդոտի քննությանը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։։

Մյուս քաղբանտարկյալները, նրա խոսքով, «Ազգային միացյալ» նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերներն են, որոնց նկատմամբ եւս քաղաքական հետապնդում է կատարվում։ «Ես մեղադրում եմ իշխանություններին, որ չեն կանխել գործողությունները, դա եղել է քաղաքական որոշում, նրանք քաղաքական բանտարկյալներ են, որովհետեւ նրանց պայքարը իրենց մեթոդներով ուղղված էր Ռուսաստանի կողմից Հայաստանի զավթման գործընթացի դեմ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Մյուս քաղբանտրկյալը գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն է, ում  անձամբ շատ լավ ճանաչում  է, «բարձր որակներով օժտված սպա է, ծառայել է իմ ենթակայությամբ, մատուցել անուրանալի ծառայություններ ինչպես Արցախին, այնպես էլ ՀՀ պետականությանը»։ «Եթե նման անձնավորությանը նույնպես կալանավորում են մինչեւ դատը, դա խոսում է քաղաքական հետապնդման մասին, որովհետեւ այդ անձնավորությունը ՀՀ պետականությունը մատուցել է անուրանալի ծառայություններ, եթե դա մատուցեր քրեաօլիգարխիկ համակարգին, կասկած մի ունեցեք, որ ազատության մեջ կլիներ»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։