Սեպտեմբերի 3-ից Հայաստանը թեւակոխել է մի փուլ, որը ամենաօրհասականն է մեր պետականության համար մեր անկախ պետականության, պատմության ընթացքում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Հայտարարելով, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն՝ Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ ըստ էության մանդատ տվեց Ռուսաստանին՝ կառավարելու Հայաստանը։ ՄՄ-ին անդամակցումը հակասահմանադրական է եւ դրանով մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, իսկ առանց ինքնիշխանության չկա պետականություն, եւ հիմա սրընթաց, մեծ արագությամբ գնում է մի գործընթաց, որը հանգեցնելու է նրան, որ Հայաստանը ամբողջովին կազմի ռուսական կայսրության մաս։ Մենք այսօր փաստացի արդեն անկախ պետություն չենք։ Եթե մեր խորհրդարանում ունենայինք ուժեր, որոնց համար արժեք է Հայաստանի պետությունը եւ ինքնիշխանությունը, պետք է անմիջապես բարձրացվեր Սրեժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, որովհետեւ գործողությունները ամբողջովին հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Առնվազն պետք է պահանջ դրվեր, որ ձեւավորվեր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է պատրաստեր Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Նա նշեց, որ պետք չէ զարմանալ, տրվել ենք Ռուսաստանին եւ վերջինս մեզ կպարտադրի լեզուն էլ, ռուբլին էլ։ Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է այցելել ոչ թե ՀՀ, այլ ռուսական ռազմական բազան եւ նրա շրջակա միջավայրը, Պուտինը համարում է, որ այցելում է Ռուսաստանի մարզը, դա աշխատանքային այց է եւ նա կոչ է անում Հայաստանի իշխանություններին, որպեսզի Պուտինին դիմավորի վարչապետի տեղակալը, ինչպես Ադրբեջանում են արել, «գոնե այդ հարցում փորձեն պահպանել պետության, մեր արժանապատվությունը, ոչ թե ստեղից վազեն Գյումրի եւ կանաչ խալիներ փռեն»։
«Ողջունում եմ «Վիլնյուս կամ հրաժարական» նախաձեռնությունները, կարելի էր ձեւակերպել «Ասոցացման համաձայնագրի ստորագրում կամ պաշտոնանկություն», դրանք ուղղված են մեր պետականության ամրապնդմանը, կմասնակցեմ բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են մեր պետականությունը, ինքնիշխանությունը պահպանելուն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Նա նաեւ շեշտեց, որ այն, ինչ արեցինք 1988թ, պարզվում է քիչ է, կմտնենք պայքարի նոր փուլ եւ կասկած չկա, որ հաջողության կհասնենք, այդ ժամանակ Ռուսաստանի հետ կունենանք իրավահավասար հարաբերություններ։




























