Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վաղը՝ նոյեմբերի 27-ին, եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:
Նույն օրը տեղի կունենա Հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման հիմնախնդիրներին նվիրված աշխատաժողով, որի շրջանակում Հայաստանը, Վրաստանը, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան եւ Լիտվան այլ երկրների համանուն ծառայություններին կներկայացնեն իրենց լավագույն փորձը հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման ոլորտում: Մասնավորապես, օրվա երկրորդ կեսին նախատեսվող քննարկումների ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գործընկեր կառույցների անդամներին կներկայացնի հարկադիր էլեկտրոնային աճուրդների կազմակերպման եւ անցկացման Հայաստանի փորձը:
Դատական կատարողների միջազգային միությունն իր անդամ երկրներում էլեկտրոնային աճուրդների ներդրումը խթանելու նպատակով շահագրգռված է ուսումնասիրել այն երկրների առաջադեմ փորձը, որտեղ արդեն իսկ կիրառվում է էլեկտրոնային աճուրդի համակարգը:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի նաեւ նոյեմբերի 28 29 ը կայանալիք Դատական կատարողների միջազգային միության ամենամյա լիագումար նիստին, որին ներկա կգտնվի միության անդամ 74 երկրի պատվիրակություն:




























