Կանադայում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին կազմակերպել է Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ` համալրված հրատարակության շնորհանդեսը: Մեթյու Քարանյանը, որը հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, որպես իրավաբան աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Բացման խոսքով հանդես է եկել Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, ով ներկայացրել է հյուրին եւ կարեւորել է Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ համապարփակ անգլալեզու ուղեցույցի առկայությունը:

Շնորհանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը հանդես է եկել Հայաստանի տարբեր անկյունները ներկայացնող լուսանկարներով համեմված դասախոսությամբ:

Միջոցառմանը ներկա էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կանադայում գտնվելու ընթացքում Մեթյու Քարանյանն իր ուղեցույցը հանրությանն է ներկայացրել նաեւ Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում: