ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որը տեղի կունենա Վիլնյուսում՝ նոյեմբերի 28-29-ին: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի կայքում տարածված հաղորդագրության մեջ:

Գագաթաժողովին կմասնակցեն նաեւ Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի վարչապետը եւ Բելառուսի արտգործնախարարը:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում տեղի կունենա ԵՄ-ի ղեկավարության եւ Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովը:  Անցկացման վայրի ընտրությունը կապված է ԵՄ-ում Լիտվայի նախագահության հետ: 

2009թ. Պրահայում նախաձեռնված գագաթաժողովի ծրագրի գլխավոր նպատակներից մեկը  «քաղաքական ասոցացումը եւ հետագա տնտեսական ինտեգրումն արագացնելու համար» պայմաններն ստեղծելն է:

Ծրագրի մասնակիցները հենց սկզբից խորհրդային նախկին հանրապետություններն էին. Երեքը Արեւելյան Եվրոպայից (Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) եւ երեքը Հարավային Կովկասից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան): Ռուսաստանին էլ էին հրավիրում, բայց նա  հրաժարվել էր: Սպասվում էր, որ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնաիր կնախաստորագրվի, սակայն Մաքսային միությանն անդամակցելու մասին Երեւանի հայտարարությունից հետո Բրյուսելը դադարեցրել էր Հայաստանի հետ ասոցացման մասին բանակցությունները: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Հայաստանի հետ փաստաթուղթ կստորագրվի, թե ոչ: