Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «փիլիսոփայորեն» է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բողոքի ակցիաներով դիմավորելու՝ Հայաստանում հնչող կոչերին: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
Պուտինի Հայաստան այցը սպասվում է հաջորդ շաբաթ: Հայաստանի նախագահի աշխատակազմը այդ մասին դեռ պաշտոնապես չի տեղեկացնում, բայց Շիրակի մարզպետարանը Ռուսաստանի նախագահին սպասում է դեկտեմբերի 2-ին. ակնկալվում է, որ նա վայրէջք կկատարի Գյումրիում, հետո կժամանի Երեւան։
Որոշ ակտիվիստներ ու իրավապաշտպաններ բողոքի ակցիաներ են նախաձեռնում ընդդեմ պուտինիզմի․ համոզմունք հայտնելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն իրականացվում է նաեւ Պուտինի սպառնալիքների քաղաքականության շնորհիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որպեսզի Ռուսաստանի նախագահին հայ հասարակությունը ցույց տա իր բացասական վերաբերմունքը:
«Մեր հասարակության համար դա նորություն չէ, որ ցանկացած բան փորձեն ինչ-որ մի ձեւով աղաղակել, աղավաղել։ Այնպես որ՝ մոտենում եմ փիլիսոփայորեն դրան», - ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը պատրաստ է այդ ակցիաներին. - «Դուք երբեւիցե տեսե՞լ եք չպատրաստված ոստիկանություն այս ընթացքում, իհարկե՝ պատրաստ ենք»




























