«Մենք մերոնցով» թերթի խմբագիր, 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի  սպանության մեջ մեղավոր ճանաչված Վաղարշակ Աբաջյանը դադարեցրել է 16 օրյա հացադուլը:  Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա հացադուլը հայտարարել էր նոյեմբերի 6-ին եւ դադարեցրել է նոյեմբերի 22-ին: Նա դժգոհում էր իր դատավճռից: Իսկ առողջական վիճակը նորմալ է: Կենտրոն եւ նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Աբաջյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ որդուն 16 տարվա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Աբաջյանին եւ նրա որդուն՝ ՀարությունԱբաջյանին մեղադրանք է առաջադրվել սպանության եւ մի շարք այլ հոդվածներով:

Հիշեցնենք, որ «Մենք մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանի եւ նրա ամուսնու` 56-ամյա Յուրիկ Սրաբյանի քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է Վաղարշակ Աբաջյանը:

Ըստ ձեռք բերված ապացույցների` Վ. Աբաջյանը Ալվարդ Աբրահամյանին, նրա միջոցով նաեւ` վերջինիս մտերիմներին խաբել է` իբր նրանց համար կարող է շուկայական ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երեւանում:

Չարաշահելով Ա. Աբրահամյանի եւ նրա մտերիմների վստահությունը` Վ. Աբաջյանը խաբեության միջոցով 2011թ. ամռանը  խարդախությամբ հափշտակել է ընդհանուր առմամբ 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 դոլար եւ խոստացել է մինչեւ 2011թ. սեպտեմբերի 2-ը կատարել իր պարտավորությունները, այն է` լուծել բնակարանների ձեռք բերման հարցը: Վ. Աբաջյանը որոշել է սպանել Ա. Աբրահամյանին եւ նրա ամուսնուն:

2011թ օգոստոսի 31-ին` ժամը 15:00-ի սահմաններում, հայր եւ որդի Աբաջյանները Յ. Սրաբյանին ավտոմեքենայով առեւանգել եւ տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սեւանա լճի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք, որտեղ Աբաջյաններ հայր ու որդին ծեծելով սպանել են Յ. Սրաբյանին, որից հետո դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ եւ քարերով ծածկել:

Նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում, Վ. եւ Հ. Աբաջյանները, Երեւանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող «Մամուլի» շենքի մոտից խաբեությամբ, Յ. Սրաբյանի մոտ տանելու պատրվակով, Ա. Աբրահամյանին տեղափոխել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածք եւ պարանով խեղդելու եղանակով սպանել են նրան` դին գցելով աղբով լցված փոսի մեջ:

2011թ. սեպտեմբերի 4-ին Վ. եւ Հ. Աբաջյանները, տարբեր խանութներից գնելով ցեմենտ, ավազ, տարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղ, որտեղ պատրաստել են բետոնե շաղախ եւ այն լցրել Յ. Սրաբյանի դիակի վրա, այնուհետեւ քարերով եւ հողով ծածկել, որպեսզի դին չհայտնաբերվի: