«Ժողովուրդը» գրում է, թե ՀՀ Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունը սարսափելի չափերի է հասնում, ինչի պատճառով էլ վտանգված է ոչ միայն մարզի գյուղատնտեսությունը, այլեւ բնակիչների առողջությունը։
«Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում 19 պոչամբար կա, սակայն բնապահպանները հավաստիացնում են, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը, պոչամբարների իրական թիվը 30 է, իսկ գործող հանքերը 450-ն են։
«Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ եթե այս տեմպերով շարունակեն հանքերը շահագործել, ապա մոտ ապագայում՝ 20-30 տարի հետո, Սյունիքը՝ որպես երկրամաս, ընդհանրապես որեւէ արժեք չի ունենա, այնտեղ պարզապես հնարավոր չի լինի ապրել։ Ի դեպ, վտանգավոր թափոններ առաջացնող պոչամբարներն անցյալ տարի իրենց հասցրած վնասի դիմաց ՀՀ պետբյուջե որեւէ դրամ չեն վճարել, ինչն արձանագրված է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մեջ»,–գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























