Ինչո՞ւ խնդիրը դրվեց հիմա իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է եւ անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, Հայաստանում կա սոցիալական լարվածություն, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ կա մեծ անորոշություն: Այս մասին, նոյեմբերի 26-ին, Հանրային խորհրդում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա մտահոգիչ է համարել նաեւ շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում եւ 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրս հանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:
ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որը միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների կողմից կատարված քննարկումների արդյունքները, ըստ որի մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես ունի բարեփոխման կարիք, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլեւ նոր խնդիրներ են ի հայտ գալիս:
Ըստ պատգամավորի՝ այդ մոդելով ժամանակին շատ երկրներ են ոգեւորվել, սակայն աստիճանաբար սկսել են հետ կանգնել՝ հասկանալով, որ սոցիալական ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:
Արծվիկ Մինասյանը պարտադիր կուտակային համակարգի փոխարեն առաջարկել է պայմանական կուտակային մոդելը, որը գործում է շատ երկրներում. հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ, ստեղծում աշխատատեղեր՝ մեծացնելով հարկ վճարողների բազան եւ զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը որպես կենտրոնացված բյուջեի քաղաքականություն: Պայմանական կուտակային մոդելի դեպքում ապահովվում է նաեւ արդարության սկզբունքը. եթե մեկը, օրինակ, վճարել է հազար դրամ, մյուսը՝ հարյուր, ապա թոշակի անցնելու ժամանակ ամեն մեկը ստանալու է իր վճարածին համարժեք գումար:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը հինգ տոկոսով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշակի անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնաշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողների համար գործել է կամավորության սկզբունքը:
Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:
Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք գտնում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որեւէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:
Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:
Նա նաեւ նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրության 51 տոկոսը դրական է վերաբերում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջվա հարցումների արդյունքներ, որոնք տեղադրված են նաեւ կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը մեկուկես տոկոսը:
Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որեւէ ներկայացուցիչ ներկա չի եղել:
Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարեւորել է կողմերի տեսակետները լսելու եւ հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաեւ ՀԽ լիագումար նիստի ժամանակ եւ հայտնելու է իր դիրքորոշումը:




























