Գյումրին Ալեքսանդրապոլ անվանելու էկզոտիկ վտանգ մեզ չի սպառնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին, Մանուչարյանն ասաց, որ նրա համար էլ է բարդ իրավիճակում անցնում այս այցը, քանի որ շատ լավ գիտի մեր ժողովրդի վերաբերմունքը գործող իշխանությանը:
«Պուտինը պետք է մաքսիմալ ցույց տա, որ գալիս է հանդիպելու ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի եւ երկրի հետ: Նա ցանկանում է երեք բան ցույց տալ, ժողովուդ, երկիր եւ բազա: Այսինքն` որպես գլխավոր հրամանատար, գալիս է իր զինվորներին հանդիպելու»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե Դավիթ Շահնազարյանը քաղաքական ուժերի մեծ մասին որակեց որպես ռուսամետ եւ Ռոբերտ Քոչարյանի պատվերները կատարող, Աշոտ Մանուչարյանն առաջարկեց նրանից հետաքրքրվել, թե ինչու է այդպես ասել եւ ավելացրեց. «Նա աշխատել է այնպիսի ծառայությունում (ԱԱՊՎ ղեկավարն է եղել-խմբ) որտեղ սովորում են ինֆորմացիա հավաքել: Միգուցե այդպիսի բաներ կան»:




























