Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջանները կընդլայնեն համագործակցությունը Մոսկվայի Հյուսիսային եւ Կենտրոն վարչական շրջանների հետ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ:

Ողջունելով Երեւանից ժամանած գործընկերոջը՝ Վլադիսլավ Բազանչուկը մասնավորապես նշել է, որ, առանձնակի կարեւորելով երկու քաղաքների միջեւ դինամիկ զարգացող եւ տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները, առավել քան ամուր հիմք են ստեղծում քաղաքաների վարչական միավորների միջեւ եւս հարաբերությունները խորացնելու եւ փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդելության եւ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նկատել է, որ 2005-2006 թվականներին Մոսկվայի եւ Երեւանի վարչական շրջանների միջեւ ծավալած փոխգործունեության շրջանակում արդեն իսկ կյանքի են կոչվել տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ կրթական ուղղվածության մի շարք ծրագրեր եւ սույնը հաշվի առնելով  վստահություն է հայտնել, որ այսուհետ եւս համագործակցությունը կլինի արդյունավետ:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի եւ Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար  Վիկտոր Ֆուերի հետ հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու առկա համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի ծավալները: Կողմերը մասնավորապես պայմանավորվել են գործուն աջակցություն ցուցաբերել Երեւանի թիվ 8 եւ Մոսկվայի թիվ 1305 դպրոցների միջեւ փորձի փոխանակման ծրագիրը կյանքի կոչելու հարցում:

Հանդիպումների շրջանակում Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները գործընկերների հետ քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու այդ համատեքստում կարեւորել Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետերի կողմից ստորագրվելիք Երեւան-Մոսկվա 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նախատեսված վարչական երկու շրջանների համագործակցության նոր հնարավորությունները:

Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության ծրագրի ստորագրումից հետո առավել կհստակեցվեն գործակցության ուղղություններն ու, ըստ այդմ, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: