Վերաքննիչ դատարանում վաղը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, կկայանա նիստ Պոռշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու խնդրով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը:

Նա նշեց, որ գործը դատական հեռանկար չունի, ու նախաքննության մարմինը վաղ թե ուշ դադարեցնելու է քրեական հետապնդումը:

«Ակնհայտ անմեղ անձը անհիմն գտնվում է անազատության մեջ»,- ասաց փաստաբանը:

Նորայր Նորիկյանը նշեց, որ նախաքննության մարմինը որեւէ գործողություն չի անում, նախկին միջնորդություններից «Copy-Paste» են անում եւ նոր միջնորդություն են ներկայացնում: Նա նաեւ նշեց, որ եթե վաղը չփոխեն խափանման միջոցը կամ այս շաբաթվա ընթացքում կուլմինացիա չեղավ, իրենք էլ որոշակի սրբագրումներ կանեն իրենց գործողություններում:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն` անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել էին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետրոսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 258-րդ հոդված): Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: