«Արեւելյան գործընկերությունը» արեւելյան հարեւանների հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման համար ԵՄ-ի հիմնական գործիքն է: Այս մասին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Կայուն տարածաշրջան, որտեղ անհետանում է բաց հակամարտության ռիսկը եւ նվազում է միգրացիոն ճնշումը, որտեղ մարդիկ ավելի քիչ ստիպված կլինեն առավել լավ կյանք որոնել իրենց երկրների սահմաններից դուրս. Բարոզուն այսպիսին է ցանկանում տեսնել ԵՄ-ի հարեւան երկրները:

Բարոզուն նշել է, որ գագաթաժողովի ընթացքում Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրում է ակնկալվում: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա փաստաթուղթը գտնվում է բանակցությունների սեղանին, սակայն Կիեւի կողմից քաղաքական կամք է պահանջվում, ինչպես նաեւ «վճռական գործողություններ եւ շոշափելի առաջընթաց 2012թ. դեկտեմբերին շարադրված պայմաններով»:

Իր հայտարարությունում Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերությունները չպետք է վնասեն արեւելյան գործընկերների եւ մյուս հարեւանների հարաբերություններին, ինչպիսին օրինակ Ռուսաստանն է: «Մեր գործընկերներին ոչ ոք չի խնդրում հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից կամ Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտուց», - ընդգծել է նա: