Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «խոր անհանգստություն» է հայտնել Բուլղարիայից  եւ Ռումինիայից ներգաղթի բարձր մակարդակի առնչությամբ:

Միության նվազ զարգացած երկրներից միգրանտների թիվը սահմանափակելու համար վարչապետն առաջարկել է սահմանափակել ԵՄ երկրներից ներգաղթածների իրավունքները:

Եթե 2015թ. ընտրություններից հետո պահպանողական կուսակցությունը իշխանության ղեկին մնա, կառավարությունը հավանություն կտա  ԵՄ-ի, մասնավորապես՝ Արեւելյան Եվրոպայի եւ ԵՄ-ի հնարավոր նոր անդամ երկրներից միգրացիան սահմանափակելու միջոցառումներին:

Սահմանափակման միջոցառումները, Քեմերոնի խոստովանությամբ, ուղղված են ներգաղթյալների թվի նվազեցմանը, որոնք Մեծ Բրիտանիայում հիմնականում գործազրկության բարձր նպաստներ են ստանում:

Այսուհետ նպաստի իրավունք կտրամադրվի միայն երկրում գտնվելու չորրորդ ամսին, իսկ եթե վեց ամիս անց եկվորն աշխատանք գտնի, նպաստը կդադարեցվի:

Իշխանությունները նաեւ իրավասու կլինեն աշխատանք չորոնող քաղաքացիներին հետ ուղարկել՝ մեկ տարով արգելելով  մուտքը երկիր: Վարչապետը նաեւ առաջարկում է քառակի ավելացնել այն գործատուների տուգանքը, որոնք նվազագույն  աշխատավարձից ցածր վարձատրություն են տալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: