Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Արտակ Կարապետյանը բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրանց փաստաբանը՝ Մուշեղ Շուշանյանը:
Նրանք պահանջում են, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը եւ արդարացնի ակտիվիստներին:
Դեռ պարզ չէ՝ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունել է հայցը, թե ոչ, դա, փաստաբանի փոխանցմամբ, հայտնի կդառնա մինչեւ տարեվերջ: «Վստահ ենք, որ բողոքը հետ է վերադարձվելու: Այնուհետեւ մենք դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով»,- հայտնեց Մուշեղ Շուշանյանը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: Տիգրան Առաքելյանը ազատ էր արձակվել համաներմամբ՝ երկու տարուց ավելի անցկացնելով անազատության մեջ:
Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























