Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան կմասնակցի «Ժնեւ-2» միջազգային խաղաղ կոնֆերանսին: Այս մասին «Ռեյթեր» եւ «Ասոշիեյթեդ Փրեսս» գործակալությունների հետ զրույցում հայտնել է ոալիցիայի առաջնորդ Ահմեդ ալ Ջարբան:

«Այժմ մենք պատրաստ ենք Ժնեւի բանակցություններին», - ասել է  ալ Ջարբան՝ նշելով, որ ընդդիմությունն այդ հանդիպումը դիտում է որպես Սիրիայում իշխանափոխության ճանապարհի եւ երկրում «իրական ժողովրդավարական բարեփոխումների» իրականացման փուլերից մեկը:

«Երկրի ավերման համար պատասխանատու անձը չպետք է գլխավորի դրա վերականգնումը»,- հայտարարել է  Ահմեդ ալ Ջարբան, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, քանի որ խաղաղ կոնֆերանսն անցկացվում է արտգործնախարարների մակարդակով, սիրիական պատվիրակությունը կգլխավորի ՍԱՀ-ի արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Հաջորդ տարվա հունվարի 22-ի խաղաղ կոնֆերանսին կմասնակցեն մոտ 20 տարբեր պետությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների վերջնական ցուցակը կհաստատվի եւ կհրապարակվի տարեվերջին: Մինչ այդ կորոշվի նաեւ Իրանի ու Սաուդյան Արաբիայի մասնակցության հարցը: