«Սպիտակի» հիվանդանոցում 2 ամսական երեխայի պատվաստումից հետո մահանալու դեպքի առթիվ հանձնաժողով է ստեղծվել, որը ուսումնասիրել է հանգամանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպիտակի» հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը:
Դրանից բացի՝ տնօրենի փոխանցմամբ՝ հիվանդանոցում ժողով է հրավիրել, քննարկումներ են արել, բոլորին զգուշացրել է, որ ավելի ուշադիր լինեն: Որեւէ աշխատակցի նա նկատողություն չի արել, քանի որ չի կարծում, թե դեպքի մեջ բժշկական սխալ կա: «Ես բժշկական սխալ չեմ տեսնում, մարդկայնորեն ուղղակի ասում եմ՝ պատվաստման երեխա էր, մի հատ գնայիք նայեիք, կամ կանչեիք, դա ոչ մի տեղ չի արվում, բայց դե որ նման դեպք է լինում, վերջիվերջո, մեղավոր ես փնտրում: Կոպիտ եմ արտահայտվում, բայց գլխավոր բժշկին մատ թափ տվել եմ»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Նա պատմեց, որ 2 ամսական Մանուշակ Մարկոսյանին պատվաստումից առաջ հետազոտել են, որեւէ հակացուցում չի եղել, բայց երկու օր հետ նա մահացել է, ինչի պատճառը թոքաբորբն էր: «Այդ տարիքի երեխաների մոտ թոքաբորբը կարող է զարգանալ շատ արագ: Նրանց ռենտգեն չեն անում, չի կարելի, պատվաստումից առաջ ջերմությունն են չափում, թոքերն են լսում, ինչն էլ արել են, ջերմությունը նորմալ է եղել, թոքերն էլ խզոց չի եղել: Այդ երեխաների մոտ, որ ժամանակին չեն դիմում, հնարավոր է մեկ օրվա մեջ զարգանա այդ ամեն ինչը: Ոչ ոք չի կարող ասել, որ պատվաստման ժամանակ իր մոտ թոքաբորբ եղել է, դա շատ արագ կարող է զարգանալ, նվազ էլ երեխա է եղել: Շատերին են արել այդ պատվաստումը, կարծում եմ՝ ֆոնը եղել է, բայց երեւացող չի եղել, կարող է պատվաստումը չլիներ, այդ երեխան ամենայն հավանականությամբ, էլի մահանար, ինքը պատվաստումից չի մահացել»,- ասաց տնօրենը:
Պատվաստումից հետո երեխան ջերմություն է ունեցել, բայց նրանք չեն դիմել հիվանդանոց, զնագել են բուժքրոջը, ով, Արսեն Մկրտչյանի փոխանցմամբ, ասել է մոմիկ դրեք կամ բերեք հիվանդանոց, «Եթե բերեին, այդ երեխան տանը չէր մահանա, հիվանդանոցում կմահանար, եթե մահանալու լիներ: Երեկոյան ջերմություն է ունեցել, մոմիկ են դրել, մտածել են պատվաստման հետեւանքով է, երեխաների մեծամասնության մոտ նման ռեակցիաներ լինում են պատվաստումից հետո, իրենք պատվաստման վրա են գցել, բայց ամեն դեպքում պետք է բերես չէ՞ երեխին: Եթե այդ երեխային այդ օրը բերեին հիվանդանոց, նա ամենայն հավանականությամբ չէր մահանա, որովհետեւ թոքաբորբ ուներ, վերջիվերջո, եթե մահանար էլ, տանը չէր մահանա, հիվանդանոցում կմահանար»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
«2 ամսական եւ 10 օրական Մանուշակ Մարկոսյանը Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո մահացել է։ Մեզ հետ զրույցում մահացած Մանուշակի տատիկը՝ Մանուշակ Մարկոսյանը, պատմեց, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել, ինչի մասին իրենք չեն իմացել, իսկ հիվանդանոցի բժշկուհի Մարինա Աղամալյանը, առանց բուժզննելու, երեխային պատվաստել է։ «Մենք չենք լռելու եւ դիմելու ենք դատարան»,-ասել էր տատիկը։




























