Նոյեմբերի 28-ին Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում վերլուծաբանին կրկին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։

Իր փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի հետ ՀՔԾ մտնելուց առաջ Կիվիրյանը լրագրողներին ասաց, որ չգիտի, թե այս անգամ ինչի համար են կանչել իրեն։ Կոմիտաս 5-ի դեպքերի վերաբերյալ նախաքննությունը վերսկսելու վերաբերյալ ՀՔԾ-ից ուղարկված գրության մեջ նշված է եղել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի կողմից ցուցում է տրվել գործով լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

«Կոնկրետ, թե այսօր ինչի համար են կանչել, չգիտեմ, իսկ գլոբալ առումով սա միակողմանի քաղաքական պատվեր է՝ խոչընդոտելու իմ հասարակական, լրագրողական եւ իրավապաշտպան գործունեությունը»։

Կիվիրյանն ասաց, որ իրեն դեռ չեն տվել ատամից վերցված փորձաքննական նմուշի փորձաքննության արդյունքները։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am