NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրողներ Ռոման Գոնչարենկոյի ու Մարկիյան Օստապչուկի հոդվածը, որը հրապարակվել է «Deutsche Welle» կայքում:
Թվում է, Վիլնյուսի գագաթաժողովի հետ կապված Եվրամիության մեծ հույսերը չեն արդարանա: Առանց Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի կնքման տեղի չի ունենա գլխավոր իրադարձությունը: Այսօր Ուկրանինան ծրագրի վեց մասնակիցների թվում ամենախոշորն է եւ ունի առավել մեծ թվով բնակչություն: Կիեւը ստացել է ամենաշատ ֆինանսական օգնությունը՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2007-2011թթ. ընթացքում մոտ կես միլիարդ եվրո: Սա կրկնակի անգամ շատ է, քան Մոլդովան, երեք անգամ՝ քան Վրաստանը, ու գնալով այս օգնությունն աճում է:
Որպես Արեւելյան գործընկերության առավել հեռանկարային պետություն Ուկրաինային փոխարինել է Մոլդովան: Քիշնեւը ցանկանում է, որպեսզի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը կնքվի, նախքան Ժոզե Մանուել Բարոզուն 2014թ.-ին կլքի Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: ԵՄ-ն ողջունում է Մոլդովայում անցկացվող բարեփոխումներն ու նշում է, որ այստեղ ժողովրդավարությունը ամուր է ի տարբերություն Արեւելյան գործընկերության մյուս պետությունների: Գագաթաժողովից երկու շաբաթ առաջ Բարոզուն անակնկալ հայտարարություն արեց այն մասին, որ Եվրոպական հանձնաժողովը խնդրում է Եվրոպական միությանը Մոլդովայի քաղաքացիների համար վերացնել մուտքի վիզային ռեժիմը: Այդ կերպ մոլդովացիները կդառնան Արեւելյան գործընկերության առաջին քաղաքացիները, ովքեր իրավունք կունենան առանց սահմանափակումների շրջել ԵՄ-ում:
Եվրամիության հետ հարաբերություններ կառուցելու եռանդի հարցում Վրաստանը հեռու չի մնում Մոլդովայից: Թբիլիսին նույնպես ցանկանում է Վիլնյուսից վերադառնալ հաջորդ տարի Ասոցացման համաձայնագրի կնքման ամուր ծրագրերով: Բայց կարող է արդյոք Վրաստանը ԵՄ ինտեգրվել նույնքան արագ, որքան Մոլդովան, մեծապես կախված է նրա ներքին քաղաքականությունից: Բրյուսելը խորհուրդ տվեց Վրաստանի նոր կառավարությանը չհետեւել Ուկրաինայի օրինակին ընդդիմության առաջնորդների հետապնդելու հարցում: Դիտորդների կարծիքով՝ ԵՄ եւ Վրաստանի միջեւ Ասոցացման համաձայնագիրը կարող է վտանգի տակ լինել, եթե նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնվի բանտում:
Սեպտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անհատական զրույց ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչին հաջորդեց կտրուկ շրջադարձը: Հայաստանը հայտարարեց Ռուսաստանի հետ մուտք գործել Մաքսային միություն:
20 տարի առաջ բորբոքված Ղարաբաղյան պատերազմից հետո չի Հայաստանի երդվյալ թշնամի Ադրբեջանը չի ցանկանում մուտք գործել Մաքսային միություն: Սակայն Բաքուն միեւնույն ժամանակ չի ծրագրում ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքել: Ադրբեջանի ու Եվրոպային միջեւ հարաբերություններում գերակայում է գազը: Սա կարող է լինել պատճառը, թե ինչու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել Վիլնյուս՝ չնայած երկրում մարդու իրավունքներ մռայլ դրությանը, Եվրոպայի կողմից վերջերս կայացած նախագահական ընտրություններում կեղծիքների քննադատությանը:





























