Հայաստանի ներգնա տուրօպերատորների ասոցիացիան ռուս գործընկերներին կներկայացնի համագործակցության վերաբերյալ առաջարկներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանը՝ միջազգային հեռուստակամուրջի ընթացքում, որը կազմակերպել է Երեւանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը: Հեռուստակամուրջն անցկացվել է «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. Նվաճումներն ու խնդիրները» համաժողովի շրջանակներում:
«Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաեւ զբոսաշրջության սեկցիա, որը կանցկացվի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում: Այն կանցկացնեն Ռուսաստանի «Ռոստուրիզմ» Դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը ու Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Հենց այնտեղ էլ կներկայացվեն համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկներ»,-ընդգծել է Մինասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համագործակցեն այդ ոլորտում ոչ միայն մասնավոր ընկերությունների մակարդակում, այլեւ՝ պետական. «Հարկավոր է զբոսաշրջության ոլորտում ինտեգրացիայի մասին համաձայնագիր ստորագրել: «Դա մասնավոր սեկտորին վստահություն կներշնչի: Իսկ մեր երկրների միջեւ, ով ինչ խոսի, զարգացման լավ հնարավորություններ կան: Հարկավոր է միայն համատեղ միջոցառումների հստակ գրաֆիկ կազմել»,-հայտարարել է Մինասյանը:




























