ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պարզաբանել է ամերիկյան հայտնի ռեստորանային ցանցի վերաբերյալ իր կատակը, որի համար նրան քննադատել էր Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփը։
«Ես երկու դուստրերի հայր եմ. կարծո՞ւմ եք՝ կկարողանայի դիմանալ նրանց մանկության տարիներին առանց «Cheesecake Factory» այցելելու։ Տասնամյակ շարունակ դա եղել է իմ սիրելի թեման»,- Ջորջիա նահանգում դեմոկրատների հանրահավաքի ժամանակ ասել է Օբաման։
Նրա խոսքով՝ գործող վարչակազմն իր պատասխանում կենտրոնացել է միայն ռեստորանի մասին մեկնաբանության, այլ ոչ թե գնաճի խնդրի վրա։
Ավելի վաղ Օբաման դեմոկրատների նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել էր, թե Թրամփի օրոք Սպիտակ տան վերակառուցումը տպավորություն է ստեղծում, ասես «Սադամ Հուսեյնն է բացել «Cheesecake Factory»-ն»։
Ի պատասխան՝ Թրամփը հայտարարել էր, որ այս համեմատությունն արտացոլում է Օբամայի քաղաքական մակարդակը՝ հավելելով, որ նման մարդիկ մաքրությունը կեղտից չեն տարբերում։ Միևնույն ժամանակ, պահպանողական լրատվամիջոցներում կասկածներ էին հնչել առ այն, թե արդյոք Օբաման առհասարակ աջակցում է ամերիկյան բիզնեսին։





























