Իսպանիայի ոստիկանությունն ուժ է կիրառել երկու գնացքների բախումից հետո կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար, հաղորդում է Okdiario լրատվական պորտալը։

«Ոստիկանությունն ամբոխը ցրելու նպատակով ուժ է կիրառել»,- նշվում է հրապարակման մեջ։

Okdiario-ի փոխանցմամբ՝ Մադրիդի կենտրոնական Պասեո դե լա Կաստելյանա պողոտայում գտնվող Տրանսպորտի նախարարության շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով գերատեսչության ղեկավար Օսկար Պուենտեի հրաժարականը։ Ցուցարարներից ոմանք սկսել են լուսաճայթուկներ վառել և շրջել աղբամանները։

Ըստ պորտալի տեղեկությունների՝ քիչ հեռվում նաև բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։

Սոցիալական ցանցերում իսպանացիները ցույցերից տեսանյութեր են հրապարակում։ Դրանցում երևում են պաստառներով ցուցարարներ, որոնց վրա գրված է. «Սա՛նչես, 114 զոհերը պահանջում են հրաժարական» (նկատի ունեն վերջին վթարի 68 և հունվարին տեղի ունեցած նմանատիպ աղետի 46 զոհերին)։ Բացի այդ, ցուցարարները պարզել են մեծ պաստառ՝ Տրանսպորտի նախարարի դիմանկարով և «հանցագործներ» մակագրությամբ։

Հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում համակարգչային խափանման և անվտանգության համակարգի անջատման պատճառով երկու մարդատար գնացք էր բախվել միմյանց։ Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է մոտ 70 մարդ, երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։