Հայաստանում կենսաչափական անձնագրի արժեքը կլինի 25000 դրամ, նույնականացման քարտի արժեքն է 3000 դրամ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը  քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը  վավերական կլինեն  մինչեւ անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը: 2014 թվականի հունվարի 1-ից  այն քաղաքացիները, ում անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, կստանան կենսաչափական անձնագիր՝ ճամփորդելու համար եւ նույնականացման քարտ՝ հանրապետության ներսում օգտագործելու համար: Սովորական անձնագրեր ստանալու կամ փոխանակելու  իրավունք կունենան մինչեւ 16 տարեկան քաղաքացիները եւ  16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները:

Նախատեսվում է կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ից դարձնել 10 տարի, գործող 5 տարվա  փոխարեն: Արթուր Օսիկյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունը չի վերաբերում արդեն տրված կենսաչափական անձնագրերին: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկեց վերանայել վերոնշյալ  դրույթը եւ երկարացնել նաեւ արդեն տրված կենսաչափական անձնագրերի վավերականության ժամկետը:

Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ կենսաչափական անձնագրի արժեքը սահմանված է 25000 դրամ, նույնականացման քարտի արժեքն է 3000 դրամ: