Աբովյան քաղաքում այսօր` նոյեմբերի 30-ին բազմաթիվ առեւտրականներ ցանկացել են հանդիպել Կոտայքի հարկային տեսչության պետ Վահագն Սահակյանին, սակայն նա չի ընդունել բողոքի դուրս եկած առեւտրականներին: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին առեւտրականները:
Նրանք դժգոհում են, որ հարկային տեսչությունը իրենց տեռորի է ենթարկում եւ իրենք չեն կարողանում արհեստական հարկերի տակից դուրս գալ: Իսկ, երբ առեւտրականները ցանկացել են ներս մտնել աշխատասենյակ, հարկայինի պետը դիմել է ոստիկանների օգնությանը եւ առեւտրականներին դուրս են հանել աշխատասենյակից:
Առեւտրականները փոխանցեցին, որ դրանով ոչինչ չի ավարտվում, քանի որ իրենք դեռ նոր են սկսել իրենց պայքարը եւ թույլ չեն տալու, որ հարկային չհիմնավորված քաղաքականությամբ ծակեն իրենց գրպանները: «Բոլորը ռեկետ են դարձել: Այսօր այս ժողովուրդը ռեկետի զոհ է դարձել կամ պետք է մեր իրավունքներին տեր կանգնենք կամ վերջում մենք էլ համալրենք սովածների շարքերը»,- նշեցին առեւտրականները եւ ավելացրեցին, որ փորձելու են հանդիպել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:




























