Հայ արտադրողների կողմից Մաքսային Միության ստանդարտների ընդունումը կարող է անցումային շրջան պահանջել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի եվրոպականին ներդաշնակեցված հայկական ստանդարտների ճակատագիրը, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցության դեպքում, Մինասյանը պարզաբանել է, որ  վերջին ժամանակներս Մաքսային միությունը եւս շարժվում է միջազգային ստանդարտների ուղղությամբ:

«Այդ պատճառով սկզբունքորեն շատ էական տարբերություն մենք դեռ չենք նկատել: Տարբերություններ կան, եւ շատ նկատելի`գործընթացային հարցերի ոլորտում: Եվ այստեղ մենք քննարկում ենք եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անցումային իրավիճակների հնարավորությունները` Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ աշխատանքային խմբի շրջանակներում», – հայտնել է Մինասյանը:

Նա հավելել է, որ անցումային շրջանի ժամկետները կախված կլինեն հայկական արտադրողների երկխոսությունից եւ նրանից, թե նրանք որքանով պատրաստ կլինեն անցնել նոր ստանդարտներին: