Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հանադուն Տուրեին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը կարեւոր քայլ կլինի երկկողմ կապերի սերտացման եւ համագործակցության հետագա զարգացման համար: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նաեւ կազմակերպության հետ փոխգործակցության արդյունք են:
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել:
Կողմերը խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների ու զարգացման հնարավորությունների մասին։Հանադուն Տուրեն ասել է, որ կազմակերպությունը Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու է երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ հեռուստատեսային հեռարձակման թվայնացում:
Նշելով, որ ինտերնետ ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ լուրջ հիմնախնդիր է դառնում կիբերանվտանգության ապահովումը` նախագահ Սարգսյանը կարեւորել է կազմակերպության օժանդակությունը հայ մասնագետների վերապատրաստման, տեխնիկական աջակցության ու խորհրդատվության տրամադրման հարցերում:




























