Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները եւ հեռանկարները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է համարվում Հայաստանի համար:

Համադուն Թուրեն տեղեկացրել է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը երեք ուղղություններով ընդլայնելու մասին: Դրանք են` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում եւ ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացում:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ-ում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում առկա իրավիճակը: Նշվել է, որ Հայաստանում դեռեւս անելիքներ կան համացանցի արագ հասանելիության ցուցանիշների բարելավման ուղղությամբ: