Դեկտեմբերի 13-ին Թալինում ինքնասպանություն գործած 10-րդ դասարանցի Հրանտի տատիկը Թալին քաղաքի նոտարն է, իսկ մինչեւ այդ երկար տարիներ Թալինում աշխատել է որպես դատավոր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Թալինի բնակիչները:

«Շատ ապահով ընտանիքից էր: Թալինում նրանց ընտանիքին բոլորն են ճանաչում. բավականին հեղինակություն վայելող ընտանիք էր բոլոր առումներով: Մորն անձամբ եմ ճանաչում, նոտարական գրասենյակում էր աշխատում. համեստ, կիրթ կին է: Առհասարակ, ինտելիգենտ ընտանիք են, մայրական կողմը նկատի ունեմ»,- ասաց բնակիչներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։

Նրա խոսքով` Հրանտը վերջերս է մոր հետ վերադարձել Երևանից ու ընդունվել Թալինի ավագ դպրոց. «Հրանտի մայրն ամուսնացել ու ապրում էր Երևանում, բայց վերջերս բաժանվել է ու հետ եկել Թալին»:

Հրանտը հանգիստ, հավասարակշռված երեխա է եղել, կիրթ պահվածքով. «Պարզապես անհավատալի բան է կատարվել, նման քայլի դիմելու պատճառ թերևս չկար»,- նշեց նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին Թալինում ինքնասպանություն է գործել 10-րդ դասարանցի տղա, որի դին հայտնաբերել են տանը կից ավտոտնակում` կախված վիճակում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: