Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում մոտ երկու տարվա ընդմիջումից հետո կայացել է երկու նախագահների հանդիպումը, ինչը նշանակում է, որ գործը վերսկսվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, իշխող ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ գնահատելով 2013-ը ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ բանակցությունների համատեքստում:

Շարմազանովի գնահատմամբ՝ բանակցային գործընթացի վերսկսումը ինքնին դրական առաջխաղացում է. «Հայկական կողմերը՝ Հայաստանի Հանրապետությունն ու ԼՂՀ-ն, միշտ կողմ են հանդես եկել միայն խաղաղ կարգավորմանը: Չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահի վերադարձը բանակցային սեղան պայմանավորված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների հայտարարություններով, որ խնդրի ռազմական լուծումն անընդունելի է»:

Միաժամանակ փոխխոսնակն ընդգծել է, որ բանակցային գործընթացում առանց ԼՂՀ ուղիղ ու լիարժեք մասնակցության, այդ խնդիրը լուծել հնարավոր չէ: Երկրորդ՝ նրա կարծիքով Թուրքիան, որպես տարածաշրջանային խաղացող, որը բազմիցս  հայտարարել է, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն տիրի, պետք է մի քանի քայլ ձեռնարկի՝ բացի հայ-թուրքական սահմանը, դադարեցնի Ադրբեջանի միակողմանի աջակցությունն ու  դեմ հանդես գա այդ երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին, չմիջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված. Ավելի լավ է բանակցել, քան առհասարակ չբանակցել: Եթե բանակցային գործընթացն ընթանում է, ապա դա նշանակում է, որ հույս կա՝ խնդիրը խաղաղ կերպով լուծելու»,-եզրափակել է Շարմազանովը: