2013 թվականի գլխավոր քաղաքական ձախողումն այն էր, որ Հայաստանում ավազակապետական ռեժիմը մնաց իշխանության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ անցած տարին գործնականում խաչ քաշեց երեք կարեւորագույն ընտրական գործընթացների վրա՝ խորհրդարանական, նախագահական եւ մայրաքաղաքային: «Բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ակնհայտ կեղծիքներով եւ ապացուցել, որ իշխող ռեժիմը կեղծիքի մեքենա է ստեղծել, որն ապահովում է իրենց հաղթանակը ցանկացած քարոզարշավի դեպքում: Հենց դա էլ ձախողումն է»,-ասել է Զուրաբյանը:

Միաժամանակ, Զուրաբյանի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը փորձում են միավորվել: Այդ համատեքստում պատգամավորը հիշեցրել է ոչ իշխանական 4 խմբակցությունների («Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ եւ ԲՀԿ) նախաձեռնության մասին՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու հետ:

«Թեեւ մեզ չբավականացրեց մի քանի ձայն, դա աննախադեպ համատեղ նախաձեռնություն էր: Մեր համագործակցությունը խորանում է: Սկզբում այդ գաղափարին հոռետեսորեն էին վերաբերում, սակայն փաստ է, որ այդ հարցով պայքարի հիմքի վրա կարելի է կառուցել ընդդիմադիր ուժերի համագործակցությունը, հատկապես, եթե մեզ միանա փողոց ելած ժողովուրդը»,-ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am